Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2007, 174 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»

N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի`

ա) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան լվացող միջոցներն արտադրման և իրացման փուլերում պետք է ունենան Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացություն։».

բ) IV-րդ բաժնի «Լվացող միջոցների անվտանգությունը բնութագրող պահանջները» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լվացող միջոցներին ներկայացվող հիգիենիկ պահանջները

9. Լվացող միջոցները պետք է անվնաս լինեն ինչպես արտադրության, այնպես էլ պահման, փոխադրման և օգտագործման ժամանակ՝ մարդու կյանքի և առողջության համար, չառաջացնեն տեղային մաշկագրգռիչ ազդեցություններ, ինչպես նաև չպետք է ունենան թունավոր, մաշկաներծծվող, ալերգիկ, մուտագեն, քաղցկեղածին ազդեցություններ օրգանիզմի վրա։

10. Լվացող միջոցները չպետք է ունենան օրգանիզմում կուտակվելու (կումուլյատիվ) հատկություններ։

11. Լվացող միջոցները պետք է հեշտ և արագ մաքրվեն (հեռացվեն) մարդու մաշկածածկույթից և լվացվող-մաքրվող արտադրատեսակների վրայից։

12. Լվացող միջոցները պետք է լավ լուծվեն ջրում և չունենան սուր հոտ։

13. Լվացող միջոցները չպետք է ունենան մակակլանվելու հատկություն՝ մաշկը և լվացման-մաքրման ենթակա իրերը դրանցով մշակելու ժամանակ։

Լվացող միջոցներին ներկայացվող անվտանգության պահանջները

14. Լվացող միջոցների արտադրման համար օգտագործվող մակերևութաակտիվ նյութերի առաջնային կենսատարրալուծման աստիճանը պետք է լինի 80 տոկոսից ոչ պակաս։

15. Լվացող միջոցների արտադրման համար օգտագործվող մակերևութաակտիվ նյութերի լրիվ կենսատարրալուծման աստիճանը 28 օրվա ընթացքում պետք է հասնի առնվազն 60 տոկոսի (ըստ ածխածնի երկօքսիդի)։

16. Լվացող միջոցներում կամ դրանց մեկ տոկոսանոց ջրային լուծույթում ջրածնի իոնների խտությունը (pH) պետք է լինի`

3-ից պակաս` ձեռքերի մաշկի հետ չշփվող թթվային լվացող միջոցների համար,

3-ից մինչև 11,5` ձեռքերի մաշկի հետ շփվող լվացող միջոցների համար,

11,5-ից ավելի` ձեռքերի մաշկի հետ չշփվող հիմնային լվացող միջոցների համար:

16ա. Լվացող միջոցներում ֆոսֆոր պարունակող միացությունների զանգվածային մասը (վերահաշվարկված ըստ P2O5) պետք է լինի`

17 տոկոսից ոչ ավելի` ֆոսֆատներ պարունակող լվացող միջոցներում (բացառությամբ ջուրը փափկացնող լվացող միջոցների),

30 տոկոսից ոչ ավելի` ջուրը փափկացնող լվացող միջոցներում:

16բ. Քլորակտիվ միացություններ պարունակող լվացող միջոցներում ակտիվ քլորի զանգվածային մասը պետք է լինի 8 տոկոսից կամ 200 գ/դմ3-ից ոչ ավելի:

16գ. Փոշենման լվացող միջոցներում փոշու զանգվածային մասը չպետք է լինի

3 տոկոսից ավելի:».

գ) 17-րդ կետում`

«ա» ենթակետը «անվանումը» բառից հետո լրացնել «,պիտանիության ժամկետը, պահման պայմանները (անհրաժեշտության դեպքում), զտաքաշը,» բառերով,

«գ» ենթակետում «2» թիվը փոխարինել «0,2» թվով,

վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Պոտենցիալ ալերգենները նշվում են լվացող միջոցներում դրանց 0,01 տոկոսից ավելի պարունակության դեպքում:

Ջրածնի իոնների ակտիվությունը նշվում է 3-ից ցածր կամ 11,5-ից բարձր pH-ի արժեքի դեպքում` «Ձեռքերի մաշկի հետ շփման ենթակա չէ» մակագրությամբ կամ այդ պահանջը բնութագրող նշանի մակնշմամբ:

«Պարունակում է ակտիվ քլոր» մակագրությունը` քլոր պարունակող սպիտակեցնող բաղադրիչներով լվացող միջոցների համար:».

դ) VIII բաժնի ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

ԳՕՍՏ 22567.7

Սինթետիկ լվացող միջոցներ. Ֆոսֆորաթթվական աղերի զանգվածային մասի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 25644

(հավելված Բ` փորձարկման մեթոդ)

Սինթետիկ լվացող փոշենման միջոցներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50551

Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ակտիվ քլորի որոշման մեթոդ

ԳՕՍՏ Ռ 51023

Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ֆոսֆոր պարունակող միացությունների որոշման մեթոդներ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո: