28 Հունվարի 2004, 59 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 29-ի N 59 - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման, գրանցման և տեղաշարժի գործընթացը:
2. Սույն կարգը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և կարգավորում է գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորման ու տեղաշարժի գործընթացը:
3. Անձնագրավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում բուծվող բոլոր գյուղատնտեսական կենդանիները:
4. Գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորման նպատակներն են՝
ա) Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը.
բ) վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը.
գ) պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելմանը և անասնաբուժական վերահսկմանը նպաստելը.
դ) անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը.
ե) անասնաբուծության մեջ տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումը (ներառյալ կենդանիների արհեստական սերմնավորումը), նոր տեխնոլոգիաների ներդրումը, տոհմասելեկցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը և տոհմային անասնաբուծության լիցենզավորման գործընթացի հստակեցումը.
զ) կենդանիների գրավադրման գործընթացին նպաստելը:
5. Գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորումը ներառում է հետևյալ փուլերը` գրանցման կարգի համաձայն գրանցման գրքում կենդանիների և անասնատերերի, տնտեսության տվյալների գրանցում ու հաշվառման համարի ամրագրում, տնտեսություններում կենդանիների համարակալում և հաշվառում, կենդանիների անձնագրերի ձևակերպում ու տրամադրում անասնատիրոջը:
6. Անասնատերն աջակցում է անասնաբույժի կողմից իրականացվող կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կատարմանը:
II. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
7. Համարակալումն իրականացվում է անվճար հիմունքներով, համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից՝ կենդանու ականջին հաշվեպիտակի ամրացման և հաշվառման մատյանում տվյալների գրանցման միջոցով:
8. Անասնատերը տնտեսությունում ծնված կենդանու մասին 7 օրվա ընթացքում տեղեկացնում է անասնաբույժին, իսկ վերջինս իրականացնում է համարակալումն ու հաշվառումը՝ կենդանու ծնվելուց 30 օրվա ընթացքում:
III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Անասնատիրոջն անվճար հատկացվում է անձնագիր` հաշվեպիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար,:
10. Անձնագիրը հատկացվում է անասնաբուժության, կենդանական ծագման մթերքի անվտանգության, անասնագլխաքանակի համարակալման և հաշվառման մարզային կենտրոնների կողմից (այսուհետ՝ մարզային կենտրոն)` գրանցման կարգի համաձայն կենդանու տվյալները գրանցամատյանում և համակարգչում մուտքագրվելուց հետո:
11. Կենդանու անձնագիրը կազմված է 8 էջից:
12. Անձնագրի 1-ին էջը լրացվում է մարզային կենտրոնի կողմից և ներառում է`
փաստաթղթի անվանումն ու համարը,
կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը և ցեղայնությունը, գույնը և այլ տվյալներ (երկվորյակ, էմբրիոտրանսպլանտանտ),
տվյալներ անասնատիրոջ, տնտեսության և նրա գտնվելու վայրի մասին,
կենդանու ծագումնաբանական տվյալները` հոր և մոր հաշվառման համարները և ցեղը,
անձնագիրը լրացնելու տարեթիվը և մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման անվանումը։
Անձնագրի 1-ին էջի գրանցումները վավերացվում են մարզային կենտրոնի ղեկավարի ստորագրությամբ և հաստատվում կնիքով:
13. Անձնագրի 2-րդ էջում գրանցվում են կենդանու տեղաշարժի մասին տվյալները և կատարվում արտահանման, բուծման, ցուցահանդեսի և սպանդի մասին նշումները: Այդ տվյալները լրացվում և վավերացվում են համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից:
14. Համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կենդանու տվյալները մուտքագրվելուց և անձնագիրը պատրաստվելուց հետո այն մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համայնքի ղեկավարին և տրվում անասնատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:
15. Անձնագրի հաջորդ էջերում նշվում են անասնաբուժական միջոցառումների անվանումները, դրանց իրականացման ժամկետները և դրվում է անասնաբույժի ստորագրությունը:
IV. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ
16. Եթե կենդանին տնտեսություն է բերվել առանց ականջի հաշվեպիտակի և անձնագրի, ապա անասնատերը, կենդանուն ձեռք բերելուց հետո 7-օրյա ժամկետում, տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կենդանուն համարակալելու և անձնագրավորելու համար:
Ներկրված կենդանուն հաշվեպիտակն ամրացվում է կարանտինային ժամկետի ընթացքում, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
17. Այն դեպքում, երբ կենդանին` ականջի հաշվեպիտակով և անձնագրով տնտեսություն է բերվել ուրիշ տնտեսությունից անասնատերը 7-օրյա ժամկետում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և անասնաբույժին՝ կենդանու տվյալները հաշվառման մատյանում գրանցելու և անձնագրում համապատասխան նշումներ կատարելու համար:
18. Կենդանիների տեղաշարժը, ինչպես նաև կենդանիների մորթն իրականացվում է միայն այն դեպքում, եթե կենդանին ունի հաշվեպիտակ և անձնագիր:
19. Տնտեսությունում վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև տարածաշրջանում համաճարակային իրավիճակի առկայության դեպքում կենդանիները տեղափոխվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ օրենսդրական ակտերին համապատասխան:
V. ՀԱՇՎԵՊԻՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
20. Եթե կենդանուն ամրացված հաշվեպիտակը կորել է կամ վնասվել, կամ էլ դարձել անընթեռնելի, ապա անասնատերը 7-օրյա ժամկետում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և անասնաբույժին՝ նոր հաշվեպիտակ ստանալու համար: Վնասված հաշվեպիտակն այդ դեպքում հանվում է կենդանու ականջից, հանձնվում մարզային կենտրոն, 30 օրվա ընթացքում ամրացվում է նոր հաշվեպիտակ և համապատասխան փոփոխություն է կատարվում կենդանու անձնագրում:
21. Եթե անասնատերը կենդանու անձնագրում և հաշվառման փաստաթղթերում հայտնաբերում է գրանցումների անճշտություն կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի (անընթեռնելի), ապա անձնագրի փոխարինման համար անասնատերը մարզային կենտրոն է ներկայացնում դիմում և փոխարինման ենթակա անձնագիրը:
22. Կենդանու անձնագիրը կորցնելու դեպքում անասնատերը 7 օրվա ընթացքում դիմում է ներկայացնում մարզային կենտրոն` նշելով անձնագիրը կորցնելու հանգամանքները, և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:
Սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերում նշված դեպքերում հատկացվող «Կրկնօրինակ» նշումով անձնագրի արժեքը վճարում է անասնատերը:
23. Մարզային կենտրոնը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն տալիս է նոր անձնագիր՝ անասնատիրոջ կողմից սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 14 օրվա ընթացքում:
Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված՝ կենդանու անհատականացման բոլոր համարները, ինչպես նաև տվյալներ նախկին տեղաշարժերի և իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին: Այդ գրանցումները կատարվում են մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման կողմից և վավերացվում նրա ղեկավարի ստորագրությամբ:
Կենդանու նոր անձնագիրը տալուց հետո գտնված անձնագիրը համարվում է անվավեր:
24. Անասնատերը կենդանու սպանդի և անկման դեպքում անհապաղ տեղեկացնում է համայնքի ղեկավարին և անասնաբույժին ու 7 օրվա ընթացքում կենդանու անձնագիրն ու հաշվեպիտակը հանձնում մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանմանը: Հանձնված անձնագրերն ու հաշվեպիտակները մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման ստեղծած հանձնաժողովի կողմից ակտավորվում են և ոչնչացվում: