25 Հունվարի 2007, 108 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱ- ԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջ եկած քաղաքի զարգացման հեռանկարները` սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ծրագրերի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդի, ինչպես նաև հասարակական տարածքների (խանութներ, սրճարաններ, ցուցասրահներ և այլն) ավելացմանը: Որոշ տարածքներում կառուցապատման ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,
համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, որն իր հերթին կհանգեցնի անշարժ գույքի շուկայում մեծ ծավալներով առաջարկի մեծացմանը և այդ շուկայի զարգացմանը,
կառուցվող նոր փողոցներն ստեղծում են այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն են ընձեռում նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
բ) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
վերջիններիս անմիջական հարևանությամբ գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքների համար նախագծվել են և մասնակի իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ.
անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով,
տարածքներում առկա են մեծ քանակությամբ հանրապետական և տեղական նշանակության հուշարձան շենքեր, շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը` այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ,
տարածքներում արդեն իսկ մասնակի կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող են հանդիսանում սույն որոշման N 1 հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա նախկինում քաղաքաշինության գործունեություն իրականացնող սուբյեկտները.
բ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետն է 2008 թվականի հունվարի 1-ը.
գ) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է.
դ) սույն որոշման N 1 հավելվածում նշված ձեռք բերողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռք բերողների և լիազոր մարմնի միջև կնքված և որոշմանը կցված պայմանագրերին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմանը համապատասխան:
3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում, որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց։
4. Հաստատել գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանում փաստացի առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը` համաձայն N 2 հավելվածի, և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: