23 Նոյեմբերի 2006, 1929 - Ն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 971-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հաշվի առնելով 2006 թվականի հոկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի շենքի կառուցման նպատակով Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի հարևանությամբ գտնվող 1,2 հեկտար հողամասն ընդունել որպես պետական սեփականություն և 49 տարով՝ անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել Ռուսաստանի Դաշնությանը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Գյումրու Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի շենքի շինարարությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2007 թվականի ընթացքում տրամադրվելու է անհրաժեշտ չափաբաժնով գումար՝ ռուսական կողմին սահմանված կարգով փոխանցելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ռուսական կողմի հետ բանակցել և նախապատրաստել համապատասխան միջպետական պայմանագրի նախագիծ՝ Գյումրու Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի շենքի և հողամասի, ինչպես նաև Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի և հողամասի տրամադրման պայմանների վերաբերյալ:
4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Շենք գնելու մասին» N 971-Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: