Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2004, 772 - Ա

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևան - Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ոռոգման նպատակով 2004 թվականի ոռոգման շրջանում Սևանա լճից ջրի բացթողման չափաքանակը սահմանել 120.0 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային ու ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Սևանա լճից նախատեսված ջրի բացթողման չափաքանակներում.

բ) Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2,0 խոր. մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5,0 խոր. մետր/վրկ, ընդամենը տարեկան` 0,65 մլն խոր. մետր: