14 Հունվարի 2004, 58 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագրի ֆինանսավորումը:
3. Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիկինգ) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 15-ի N 58 - Ն որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ
ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ)
ԿԱՆԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռնամուխ եղան միջազգային տարբեր կառույցներում մեր պետության ներգրավմանը: Կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն ստորագրեց և վավերացրեց մի քանի տասնյակ միջազգային դաշնագրեր և պայմանագրեր, այդ թվում` նաև 2 տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը:
2003 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ արձանագրությունները: Կոնվենցիայի ստորագրման նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելումն ու դրա դեմ պայքարի գործում փոխհամագործակցության հաստատումն է: Այս պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններից և, առաջին հերթին` ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիաներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 8, 15, 16, 18, 38, 39, 40, 41, 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներից, ընդ որում, Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով մարդկանց առևտուրն արդեն իսկ քրեորեն պատժելի է:
Սույն հայեցակարգում և Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ծրագրում, որպես հիմք ընդունվում է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության համաձայն թրաֆիկինգին տրված սահմանումը, ինչը ներառում է` անձանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, ապաստանում կամ ընդունում՝ սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ, և կամ հարկադրանքի, առևանգման, կեղծիքի և խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան վիճակից օգտվելու ճանապարհով կամ գումար կամ շահույթ տալով կամ վերցնելով՝ ստանալու այլ մարդկանց վրա ազդեցություն ունեցող անձի համաձայնությունը:
Թրաֆիկինգի երևույթի արմատները Հայաստանում նույնն են, ինչ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային Միության շատ երկրներում, այն է՝ աղքատությունը, գործազրկության բարձր տոկոսը, կոռուպցիան: Սակայն, կան նաև Հայաստանին բնորոշ առանձնահատկություններ՝ ի տարբերություն նմանատիպ խնդիր ունեցող երկրների, Հայաստանի բնակչության գրագիտության աստիճանն ավելի բարձր է: Դա նշանակում է, որ երկրի տնտեսական զարգացումը կհանգեցնի միգրացիայի, այդ թվում` նաև անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի երևույթների նվազեցմանը:
Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, որը վեր է հանում բազմաթիվ խնդիրներ և դրանք հաղթահարելու լուրջ ուղեցույց է հանդիսանում:
2003 թվականին հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Միևնույն ժամանակ, մշակվել և բազմաթիվ բաց քննարկումներից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը, մշակման փուլում է գտնվում կանանց իրավիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի հետ կապված հարցերն ուսումնասիրելը և առաջարկություններ ներկայացնելն է:
II. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Միջազգային բնույթ կրող այս հանցագործության դեմ պայքարի կազմակերպման նպատակն այդ հանցագործությանը դիմակայելն է, և Հայաստանի Հանրապետության թրաֆիկինգի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարությունն ընդգրկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են մեղմելու և կանխարգելելու այս երևույթը:
Այդ նպատակն իրականացվում է հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները`
միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` մարդու իրավունքների և ազատությունների պահպանում,
Հայաստանի Հանրապետության ազգային շահերի և անվտանգության պահպանում,
հանցավորության այս տեսակի մեղավորների պատժում և թրաֆիկինգի ենթարկված անձանց աջակցության ու պաշտպանության ցուցաբերում։
Թրաֆիկինգի երևույթի վերացման միջոցառումները չպետք է որևէ կերպ խախտեն մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքները, հատկապես՝ միգրանտների, ներքին տեղահանված անձանց, փախստականների և ապաստան հայցողների դեպքում:
III. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման հիմնական միջոցառումներն են`
ա) օրենսդրություն և օրենքի կիրառում` թրաֆիկինգի երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև իրավակիրառելիությունը՝ ինչի շնորհիվ պետք է ապահովվի թրաֆիկինգի կանխարգելումը, ինչպես նաև նշված երևույթի զոհերին պաշտպանելն ու օժանդակելը,
բ) ուսումնասիրությունների կատարում` թրաֆիկինգի հարցերին նվիրված սոցիալական ուսումնասիրությունների անցկացում և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործառույթների հստակեցում,
գ) կանխարգելիչ ծրագրեր՝ տեղեկատվության տարածում թրաֆիկինգի վտանգի մասին, այդ թվում` նաև մարզերում: Նշված տեղեկատվական արշավը պետք է ներառի տեղեկագրերի պատրաստում և հրապարակում, համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ռադիոհեռուստահաղորդումների կազմակերպում, ինչպես նաև հրատարակված նյութերի տարածում: Կանխարգելման մասում ներառված են նաև օրինական միգրացիային վերաբերող ծրագրեր,
դ) պաշտպանություն և աջակցություն` զոհերին բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցության և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև նրանց վերաինտեգրման գործընթաց,
ե) փորձի փոխանակում` սեմինարների, կլոր սեղանների և համաժողովների անցկացում, ճանաչողական այցերի կազմակերպում, միջազգային և միջգերատեսչական համագործակցություն:
Հայեցակարգի և ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՀԿ Կայունության դաշնագիրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և մարդկանց առուվաճառքի խնդիրների վերաբերյալ առաջարկվող սկզբունքներն ու ուղեցույցները, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության հակաթրաֆիկինգային գործունեության ծրագիրը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 15-ի N 58 - Ն որոշման
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ,
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր