Կառավարության որոշումներ

21 Դեկտեմբերի 2006, 1923 - Ն

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԲԱՑՎԱԾՔՆԵՐԻ) ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներով սահմանված դրույթները և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջարկներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված` բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքները (այսուհետ` տարածք) սեփականության իրավունքով անհատույց հանձնել համապատասխան համայնքներին:

2. Սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված տարածքները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) եռամսյա ժամկետում` իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո դրանց հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սահմանել, որ`

ա) սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց հանձնվում է նաև սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված ոչ բնակելի տարածքները (բացվածքները)` բացառությամբ այն բացվածքների, որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից.

բ) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված ոչ բնակելի տարածքները (բացվածքները), որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: