Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 766 - Ն

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 1908.0 ՄԵՏՐ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԻՑ ՑԱԾՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում կառուցապատումն իրականացնել միմիայն ոչ հիմնական շինություններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» N 896 որոշման պահանջներին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր կարգով ներառելով նաև տարածքի կազմակերպման լանդշաֆտային և քաղաքաշինական հատակագծերը:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանա լճի կենտրոնական գոտին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձնացված է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, ապահովել նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշման 5.2-րդ կետի «դ» ենթակետի պահանջի կիրառմամբ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հանգստի (ռեկրեացիոն) նպատակներով կառուցապատման համար նախատեսված հողամասերում Սևանա լճի էկոտոնի (մինչև 150 մետրի սահմաններում) ցամաքային ջրամերձ տարածքներում առանձնացվում են լողափի, իսկ դրան կից, դեպի ցամաք, մինչև 1908.0 մետր բացարձակ նիշը` բուֆերային գոտիները: Գոտիների սահմանագծերը, ելնելով տարածքային առանձնահատկություններից, ենթակա են ճշգրտման` նախագծային փաստաթղթերի համաձայն:

4. Եթե վարձակալությամբ տրամադրվող հողամասն ընդգրկում է նաև 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքային հատվածներ, ապա ամբողջ հողամասը վարձակալությամբ է տրամադրվում 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքային հատվածների համար սահմանված ժամկետով: Ընդ որում, սույն կարգով ամրագրված այլ սահմանափակումները կիրառվում են միայն 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքների համար` համապատասխան նշում կատարելով հողամասի վարձակալության մասին պայմանագրում։

5. Հաստատել «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասի վարձակալության մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

6. Սահմանել, որ «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կառուցապատման համար նախատեսված հողամասերում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով դրանց վարձակալության ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իսկ գյուղատնտեսական գործունեության նպատակով` 5 տարին։

Վարձակալությամբ տրամադրվող լողափի գոտու տարածքների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում կառուցապատման նպատակով հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով (բացառությամբ 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում գտնվող հողամասերի)»:

8. Սահմանել, որ սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: