Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2006, 1853 - Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության հավելվածի 19-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել՝

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանում-

ները տեղակայել՝ Երևան քաղաքում՝ առնվազն երեք, և մարզերում՝ առնվազն մեկական ստորաբաժանում գործելու սկզբունքով.

բ) տրանսպորտային միջոցների հաշվառման տեխնիկական միջոցներով ապահովել նախ՝ Երևան քաղաքի, այնուհետև մարզերի ստորաբաժանումները.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին վարչական ակտի, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանված լինելու մասին տեղեկանքի, հաշվառման գործողությունների կատարման պահանջի մասին դիմումների, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքի, տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու, վերահաշվառման մատյանների, տրանսպորտային միջոցների հաշվառման քարտի, հաշվառման ժամանակավոր վկայագրի ձևերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ մշակել և հաստատել ինքնաշեն ավտոմոբիլներին, կցորդներին և մոտոցիկլետներին ներկայացվող տեխնիկական պահանջների մասին համատեղ նորմատիվ հրաման:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ, հաստատել սույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետով նախատեսված հայտի ձևը:

6. Սահմանել, որ մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների՝ համակարգչային ցանցով և համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովումը տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է գրավոր եղանակով՝ առկա տեխնիկական միջոցներով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: