Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2006, 1874 - Ն

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները.

բ) հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: