Կառավարության որոշումներ

21 Դեկտեմբերի 2006, 1840 - Ն

«ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

ա) կազմակերպության գործունեության առարկան է հարգադրոշմների, անվանանիշերի, տարբերանիշերի, հակազդուկների և էտալոնային ասեղների ձեռքբերումը և (կամ) պատրաստումը կամ վաճառքը, թանկարժեք մետաղների հարգորոշման համար անհրաժեշտ սարքավորումների, գործիքների և նյութերի ձեռքբերումը կամ վաճառքը, թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշմման ծառայությունների մատուցումը, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեության իրականացումը.

բ) կազմակերպության գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշմման ծառայությունների մատուցումը, պետական կարիքների համար թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեության իրականացումը:

3. Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 6.760.000 դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի: Պետական սեփականություն հանդիսացող հողերը, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, շենքերը, շինություններն ու պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը կազմակերպությանը կարող է հետագայում տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման նպատակով:

4. Թույլատրել կազմակերպությանն իր նպատակների իրականացման համար իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`

ա) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում,

բ) թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն,

գ) հարգադրոշմների, անվանանիշերի, տարբերանիշերի, հակազդուկների և էտալոնային ասեղների ձեռքբերում և (կամ) պատրաստում կամ վաճառք,

դ) «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահեստավորված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վերականգնման աշխատանքներ, որոնք ենթակա չեն աճուրդով վաճառքի, ինչպես նաև օտարման նպատակով աճուրդների կազմակերպում:

5. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, որի համաձայն կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը.

բ) հաստատել կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի կազմը, ինչպես նաև ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2007 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմակերպության ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը համապատասխան տարածք ամրացնելու վերաբերյալ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: