Կառավարության որոշումներ

16 Նոյեմբերի 2006, 1760 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը հաստատելու մասին» N 589 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշմամբ հաստատված կարգի`

ա) 2-րդ կետում «կառավարությունը» բառը փոխարինել «կրթության ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով,

բ) 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ըստ միջին ու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանության` 2-րդ կամ 3-րդ կուրսից, եթե առարկաների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը»,

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձրագույն ուսումնական հաստատություններ տեղափոխվող շրջանավարտների թիվը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ: Այդ թիվը չի կարող գերազանցել միջին մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մասնագիտությամբ և ուսուցման տվյալ ձևով ուսում ստացած շրջանավարտների 10 տոկոսը, իսկ մանկավարժական մասնագիտությունների գծով` 20 տոկոսը, ինչպես նաև համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտությամբ ընդունելության տեղերի 10 տոկոսը` հաշվի առնելով նաև բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված տեղերի թիվը:»,

դ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման հավակնորդների մրցութային ընտրությունն ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կատարում է տվյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) պետական որակավորող հանձնաժողովը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն:

Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների սահմանվածից ավելի մեծ թվի առկայության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է հավակնորդների մրցութային ընտրություն` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`

գերազանցության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),

ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միջուկում առավել բարձր միջին գնահատական,

պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ,

պետական որակավորող հանձնաժողովի կողմից հատուկ երաշխավորություն:

Նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունը կազմակերպում է հավակնորդների հարցազրույց:»,

ե) 12-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների:»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանի բարձր առաջադիմություն և մարզական վարպետություն ցուցաբերած շրջանավարտների ուսումնառությունը շարունակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 589 որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 766-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: