Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2006, 1602 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 21.0 հազ. տոննա ազոտական պարարտանյութ, մեկ տոննան՝ 74000.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի դիմաց 10000.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված պարարտանյութի բաշխացուցակին համապատասխան՝ պարարտանյութ մատակարարող կազմակերպությանը, որպես սուբսիդիա, հատկացնել 210000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ նախատեսված գումարներից:

2. Հաստատել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի (այսուհետ՝ պարարտանյութ) բաշխացուցակը` ըստ մարզերի` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

ա) մինչև 2006 թվականի դեկտեմբերի 25-ը՝ ապահովել պարարտանյութի դիմաց վճարումների կատարումը, կազմակերպել պարարտանյութի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների իրականացման նկատմամբ.

բ) պարարտանյութի դիմաց կատարված վճարումների, փոխադրման և բաշխման աշխատանքների ընթացքի մասին յուրաքանչյուր տասնօրյակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն.

գ) համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել 500 կգ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: