12 Հոկտեմբերի 2006, 1497 - Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 5-ի
N 824-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 12-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխում» խորհրդատվական ծառայություն իրականացնող «HWTSK» խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացված «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների ծրագիր» ամփոփ հաշվետվության մեջ ընդգրկված առաջարկությունը հայկական երկաթուղու համակարգն ամբողջական կոնցեսիայով փոխանցելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի սեպտեմբերի 19-ի N 689-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործընթացը կազմակերպելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացը համակարգող և վերահսկող հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-
նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Լ. Գևորգյան - ՀՀ Նախագահի օգնական
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետ
2. Հավանություն տալ «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխում» խորհրդատվական ծառայություն իրականացնող խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացված «Հայկական երկաթուղու կառուցվածքային բարեփոխումների ծրագիր» ամփոփ հաշվետվությանը` համաձայն հավելվածի:
3. Ստեղծել հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացի ապահովման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ մշակող և նախապատրաստող` հինգ անդամից բաղկացած աշխատանքային խումբ` անհրաժեշտության դեպքում ընդգրկելով երկաթուղային տրանսպորտի, ֆինանսական, իրավաբանական և համապատասխան այլ մասնագետների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի վարձատրությունը` մինչև համապատասխան դրամաշնորհների ստացումը, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
բ) աշխատանքային խմբի անդամների վարձատրությունն ապահովելու նպատակով անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով աջակցության համար դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին:
5. Հանձնաժողովին` աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախապատրաստել եզրակացություն Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու, կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացվող մրցույթի պայմանների, կոնցեսիոն պայմանագրի պայմանների, ձևի և գործողության ժամկետի, կոնցեսիոն պայմանագրով փոխանցվող գույքի կազմի, կոնցեսիոն վճարի և գործընթացի ապահովմանն ուղղված այլ հարցերի մասին:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
ա) մշակել աշխատանքային խմբի անդամների տեխնիկական առաջադրանքները,
բ) անցկացնել մրցույթ` աշխատանքային խմբի անդամների ընտրության նպատակով, և մրցույթի արդյունքների հիման վրա հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը,
գ) աշխատանքային խմբի անդամների հետ կնքել համապատասխան պայմանագրեր,
դ) ձեռնարկել միջոցներ` աշխատանքային խմբի անդամներին աշխատանքային պայմաններով ապահովելու համար,
ե) հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացի վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։