19 Հոկտեմբերի 2006, 1464 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 599-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` 5568.1 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող ու 1903,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: