Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2006, 1400 - Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) տրանսպորտային միջոցների խմբերն ըստ դրանց հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակների` համաձայն N 1 հավելվածի.

բ) հաշվառման համարանիշերում կիրառվող տառերի, թվանշանների և մակագրությունների տեսակները` համաձայն N 2 հավելվածի.

գ) հաշվառման համարանիշերի, առանձնացված հաշվառման համարանիշերում կիրառվող Հայաստանի Հանրապետության դրոշի և կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների ու ժամանակավոր համարանիշերում գործողության ժամկետի նշման դաշտի եզրաչափերը` համաձայն N 3 հավելվածի.

դ) հաշվառման համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույները` համաձայն N 4 հավելվածի։

2. Սահմանել, որ`

ա) որոշման N 1 հավելվածում նշված 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության կողմից.

բ) որոշման N 1 հավելվածում նշված 22, 22.1, 23, 24, 25, 26, 29.2 և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

գ) որոշման N 1 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվում են միջազգային ստանդարտների պահանջներին ներդաշնակ` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագրերով հաշվառման համարանիշեր:

Որոշման N 1 հավելվածում նշված 31-րդ և 32-րդ տեսակների հաշվառման համարանիշերը թղթե են, մյուս բոլոր տեսակների հաշվառման համարանիշերը պատրաստվում են մետաղից: Մետաղյա հաշվառման համարանիշերի նյութի հաստությունը լինում է առնվազն 0.8 միլիմետր։ Հաշվառման համարանիշերի վրա տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի դրոշմման տեխնոլոգիան պետք է բացառի դրանցում փոփոխությունների կատարման հնարավորությունը` առանց հաշվառման համարանիշի ամբողջականության կամ օգտագործվող նյութերի (մետաղ, սինթետիկ թաղանթ) կառուցվածքների փոփոխության։ Յուրաքանչյուր հաշվառման համարանիշի հակառակ երեսին նշվում է պատրաստող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը: Հաշվառման համարանիշերը, բացառությամբ 4, 5, 11, 12, 22-26, 31 և 32-րդ տեսակների, կրում են պաշտպանիչ տարր՝ հոլոգրամ:

Հաշվառման համարանիշերի պատրաստման եղանակը և տեխնիկական չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: