Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2006, 1182 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2074-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը հաստատելու մասին» N 2074-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծառայությունների մատուցման դեպքերում, սույն կարգի պահանջներին համապատասխան սահմանված սակագների հիման վրա հաշվարկված գումարների գանձումներ չեն կատարվում (թռիչքներն ազատվում են գանձումներից) հետևյալ թռիչքների համար`

ա) երկու տոննայից պակաս առավելագույն թույլատրելի թռիչքային քաշ ունեցող ինքնաթիռներով իրականացվող թռիչքներ.

բ) իշխող միապետերի և նրանց ընտանիքի անմիջական անդամների, պետությունների նախագահների, վարչապետների և պետական նախարարների պաշտոնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է թռիչքի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան նշում.

գ) որոնողափրկարարական աշխատանքների նպատակով իրականացվող թռիչքներ.

դ) թռիչքային անձնակազմի անդամի ատեստավորման վկայական կամ որակավորման նիշ ստանալու նպատակով իրականացվող ուսումնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է դրա մասին համապատասխան նշում և որոնք չեն ծառայում ուղևորների և (կամ) բեռների փոխադրման, ինչպես նաև օդանավի կայանման կամ տեղափոխման նպատակներին.

ե) թռիչքներ, որոնք իրականացվում են բացառապես աերոնավիգացիոն նպատակներով օգտագործվող վերգետնյա սարքավորումների ստուգման կամ փորձարկման նպատակներով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: