Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 996 - Ն

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվող աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի և աշխատավարձի փոխհատուցման ծրագրով աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: