Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2004, 41 - Ն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով, 5-րդ մասի 1-ին ու 4-8-րդ կետերով և 48-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվառված այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումը, սկսած 2004 թվականի հունվարից, իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

2. Հաստատել ապահովագրական ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝ յուրաքանչյուր տարի հաշվարկել ապահովագրական ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումն իրականացնելու համար պահանջվող գումարները և 2005 թվականից սկսած առանձին տողով արտացոլել Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: