Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2006, 1282 - Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱ- ՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2006-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱ- ՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև 1996 թվականի ապրիլի 22-ին ստորագրված, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի հուլիսի 23-ի N Ն-188-1 որոշմամբ վավերացված և 1999 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կանոնադրությունը և խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

բ) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը` համաձայն NN 3 և 4 հավելվածների։

3. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընտրման չափորոշիչներն են նրանց ներկայացրած կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտերի հիման վրա հաստատել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անհատական կազմը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: