Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 575 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԷՅ ՍԻ Ի ԷՅ ԵՎ ՔԱՄՓԸՆԻ ԱՐՄԻՆԻԸՆ ՅՈՒԹԻԼԻԹԻ ՍՔԱՐԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համայնքային զարգացման վարկային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցերի գոտևորման, շուրջօրյա ջրամատակարարման ապահովման աշխատանքները և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման  արդյունավետության բարձրացման միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Համաձայնել 2000 թվականի փետրվարի 14-ին «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և  «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» (այսուհետ` օպերատոր) ընկերության միջև  կնքված Ջրամատակարարման և կոյուղու ծառայությունների մատուցման կառավարման պայմանագրի (այսուհետ` կառավարման պայմանագիր) գործողության ժամկետի` մեկ տարով` 2004 թվականի մայիսի 1-ից մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը,  երկարաձգմանը:
        2. Հաստատել`
        ա) կառավարման պայմանագրի լրացումը` համաձայն N 1 հավելվածի.
        բ) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի համար նախատեսված կատարողական ցուցանիշները` համաձայն N 2 հավելվածի. 
        գ) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի համար նախատեսված պարգևատրման չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի:
        3. Ընդունել ի գիտություն օպերատորի կողմից կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի համար ներկայացված աշխատակազմի աշխատողների անվանացանկը` համաձայն N 4 հավելվածի:
        4. Օպերատորի վարձատրությունը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Համայնքային զարգացման ծրագրի 3095–AM վարկային համաձայնագրի ու Եր—անի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ծրագրի նախապատրաստման կանխավճարի Q3960 նամակ-համաձայնագրի վարկային միջոցներից:
        Օպերատորի վարձատրության չափը սահմանել հաստատագրված վճար`   731,250  ԱՄՆ-ի դոլար, պարգևատրման վճարը` 375 000 ԱՄՆ-ի դոլար և`
        ա) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի առաջին      6 ամսվա (2004  թվականի  մայիսի 1-ից  մինչև  2004 թվականի հոկտեմբերի 31-ը) հաստատագրված և պարգևատրման վճարների մասհանումները կատարել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման վարկային ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծախսային պլանով նախատեսված 552800 ԱՄՆ-ի դոլարից, որից` հաստատագրված վճար` 366000 ԱՄՆ-ի դոլար և պարգևատրման վճար` 186,800 ԱՄՆ-ի դոլար.
        բ) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի հաջորդ       6 ամսվա (2004 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը) համար հաստատագրված և պարգևատրման վճարները` 553450 ԱՄՆ-ի դոլար, որից` հաստատագրված վճար` 365250 ԱՄՆ-ի դոլարն ու պարգևատրման վճար` 188200 ԱՄՆ-ի դոլարը` մասհանել Համայնքային զարգացման վարկային ծրագրի ծախսային պլանով նախատեսված մրցութային գնումների արդյունքում տնտեսված վարկային, ինչպես նաև   SDR և ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքների տատանման արդյունքում  ավելացված գումարների հաշվին:
        5. Կառավարման պայմանագրի լրացումը կնքելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:
        6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: