Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2006, 1180 - Ն

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 105-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝

ա) թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկի ձևը,

բ) ռեեստրի վարման գրքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: