Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 616 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.        1. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի և գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մուծված (մուծվելիք) գումարները հատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել ոչ ավելի, քան 55,910.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), որից՝        ա) ավելացված արժեքի հարկի գծով (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և (կամ) մաքսային մարմիններին վճարված գումարի)՝ 2003 թվականին մուծված՝ չհատուցված գումարի հատուցման համար՝ 3,937.5 հազ. դրամ և 2004 թվականին մուծվելիք գումարների հատուցման համար՝ ոչ ավելի, քան 18,650.0 հազ. դրամ,        բ) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով՝  2003 թվականին մուծված՝ չհատուցված գումարի հատուցման համար՝ 5,672.9 հազ. դրամ և 2004 թվականին մուծվելիք գումարի հատուցման համար՝ ոչ ավելի, քան 27,650.0 հազ. դրամ:        2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել`        ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գումարների դեպքում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված հարկի գումարների չափով՝ վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի), իրենց գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվետվությունների պատճենները և հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկությունները (ըստ առանձին ընկերությունների) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելուց հետո.        բ) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գումարների դեպքում՝ եռամսյակային արդյունքներով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե գործատուի կողմից փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարների 81.5 տոկոսի չափով՝ վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի), նշված հիմնադրամ օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունների պատճենները և  հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկությունները (ըստ առանձին ընկերությունների) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելուց հետո։        3. Նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող համապատասխան ընկերություններին են տրամադրվում բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվող համապատասխան փաստաթղթերի հիման վրա: