8 Ապրիլի 2004, 543 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերում բնակվող քաղաքացիների բնակարանային ու կենցաղային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով` 65088.1 հազ. դրամ արժեքով գնահատված՝ «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի N 22 հասցեում գտնվող` 1896 քառ.մետր մակերեսով և 34545800 դրամ հաշվեկշռային արժեքով գինեկոլոգիական ու 1884 քառ. մետր մակերեսով և 34221500 դրամ հաշվեկշռային արժեքով կանանց կոնսուլտացիայի մասնաշենքերը (այսուհետ` գույք) և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ նշված գույքի գնահատված արժեքի գումարի չափով նվազեցնելով «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Աբովյանի քաղաքային համայնքին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերում բնակվող քաղաքացիներին որպես բնակֆոնդ անհատույց սեփականության իրավունքով հանձնելու նպատակով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի ժամանակ առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ երկամսյա ժամկետում` Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնել Աբովյանի քաղաքապետարանի միջոցների հաշվին: