Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 974 - Ն

«ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N Ն-323-2 որոշմամբ) 12-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված` Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում լիազորված ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`

ա) հաստատում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի համապատասխանությունը «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի պահանջներին,

բ) հավաստում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծի իրականացման մասնակիցների կողմից իրենց մասնակցության կամավորությունը,

գ) ապահովում է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի մասին տեղեկատվության մատչելիությունը,

դ) անցկացնում է քննարկումներ հավանական ներդրողների հետ ևմշակում ռազմավարական ուղղությունները Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման համար,

ե) ապահովում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային գործընթացներին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի ևնախագծային փաստաթղթերի համաձայնեցումը համապատասխան շահագրգիռ մարմինների ևկազմակերպությունների հետ:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) եռամսյա ժամկետում հաստատել Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերը ներկայացնելու կարգը,

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ բանակցել միջազգային կազմակերպությունների և(կամ) դոնորների հետ` լիազորված ազգային մարմնին տեխնիկական ևֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: