29 Հունիսի 2006, 907 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան, իսկ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների տարեկան գումարի 30 տոկոսը համամասնորեն` մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա ավարտը, փոխանցվում է այն համայնքների բյուջեներ, որոնց վարչական տարածքներում ընդգրկված են վարձակալության տրված` նշված հողամասերը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: