Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2006, 884 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանն աջակցելու, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ներդրված և ներկայումս շահագործվող` Հայաստանի Հանրապետություն մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական համակարգի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ։

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների գործունեությունը համակարգող մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ուսուցումը, օգտվողներին մուտքի իրավունքների տրամադրումը, ինչպես նաև այդ աշխատանքի վերլուծությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.

գ) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը — սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ընդլայնման, շահագործման, սպասարկման և հետագա զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում չընդգրկված Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման այլ մարմիններ նշված ցանկում կարող են ընդգրկվել` ելնելով իրենց առջև դրված խնդիրներից և գործառույթներից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: