Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 499 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1590-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի   3-ի «Վարդան Մամիկոնյան» շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատելու մասին» N 1590-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝         որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ.                     «Հավելված                     ՀՀ կառավարության 2002 թվականի                     հոկտեմբերի 3-ի N 1590-Ն  որոշման                        «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                 «Վարդան Մամիկոնյան» շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:         Շքանշանի մեծությունը 2 անկյունագծով` 5,5 սմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա (սապֆիր):         Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, մեդալիոնի արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` դեմքի աջ ուղղվածությամբ: Մեդալիոնը շրջանակող 0,6 սմ լայնությամբ ոսկեզօծ ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված են` վերևում` «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում` «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:         Մեդալիոնը եզերող 2,7 սմ տրամագծով շրջանակի 4 հատվածում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:         Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 5 մմ տրամագիծ ունեցող 3 կողմի մեծ շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 փոքր շրջանակների մեջ` մեկ կարատանոց կապույտ շափյուղա (սապֆիր):         Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծվում է ոսկու 1,5 մմ շերտով:         Շքանշանի հակառակ երեսը հարթ է: Կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից վերև` շքանշանի թվահամարը:         Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը արծաթագույն է, կենտրոնում` 8 մմ ծիրանագույն շերտն է»:         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: