Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2006, 789 - Ն

«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների ներդրումը,

բ) անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների շահագործումը և կատարելագործումը,

գ) անվտանգության նշագծումների իրականացումը:

3. Թույլատրել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների արտադրություն (ճանապարհային նշաններ, լուսանշաններ, ղեկավարման էլեկտրոնային սարքեր և այլն),

բ) շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ կապիտալ շինարարության),

գ) անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների ներդրում և անվտանգության նշագծումների իրականացում,

դ) գիտատեխնիկական աշխատանքների, արտադրության մեջ գիտության նվաճումների և առաջավոր փորձի ներդրում:

4. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից առանձնացնել 58.111.629 դրամ արժողությամբ գույք և այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023