Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 495 - Ն

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2003 թվականի սեպտեմբերի 15-ին փոխանակված հայտագրի հիման վրա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 5 միլիոն յուանի արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի տրամադրման ծրագիրը որակել բարեգործական։
 2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2004 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 51 միավոր տրակտորի, 51 միավոր գութանի, 51 միավոր շարքացանի, 51 միավոր կցասայլի, 51 միավոր հնձիչի և դրանց պահեստամասերի ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, բնական միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող։
 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման կարգի վերաբերյալ։
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։