Կառավարության որոշումներ

31 Մարտի 2004, 425 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2004/2005 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ   է.
        1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004/2005 ուսումնական տարվա անվճար (4115 տեղ) և վճարովի (5646 տեղ) ուսուցման տեղերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների՝ համաձայն հավելվածի:
        2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004/2005 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա):
        3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
        ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի հիմունքներով (առանց պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի) ուսուցմամբ հավելյալ ընդունելության տեղերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների.
        բ) երկամսյա ժամկետում հաստատել մանկավարժական մասնագիտություններով նպատակային ընդունելության` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշում), բարձրլեռնային և լեռնային բնակավայրերի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշում) համայնքների ու դպրոցների հայտերը (մանկավարժական մասնագիտություններին հատկացված` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի անվճար տեղերի` մինչև 50 տոկոսի չափով).
        գ) համայնքների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հայտերի հիման վրա, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում կազմակերպել նպատակային ընդունելություն` մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար (անվճար տեղերի` մինչև 30 տոկոսի չափով).
        դ) համաձայն Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների ներկայացրած հայտերի` կազմակերպել նպատակային ընդունելություն` Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «3108 Անասնաբուժություն» (անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն) մասնագիտությանը հատկացված տեղերի` մինչև 50 տոկոսի չափով:
        4. Սահմանել, որ պետական բարձրագույն  ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:
        5. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004/2005 ուսումնական տարվա անվճար տեղերի 10 տոկոսը, ըստ մասնագիտությունների, հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:
        6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: