Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2006, 780 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 81,370.0 հազ. դրամ, որից`

ա) 65,870.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության NN 2 և 2 ա մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

բ) 15,500.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 90-օրյա ժամկետում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: