Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 462 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի
ապրիլի 15-ի «2004 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու — զորա-
ցրում կատարելու մասին» ՆՀ 60-Ն հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:
 2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը հանձնարարել  հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
 3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
 ա) 2004 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.
 բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել համապատասխան տարածքային դատախազություններ:
 5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
 ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
 բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումն ու ԱՊՀ շրջանակներում նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
 6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և  կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին՝
 ա) քրեական պատասխանատվության կանչված և  հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
 բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
 7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝
 ա)  2004 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
 բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը, դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում  գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
 8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
 ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.
 բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև  կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ապահովել անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր և  ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:
 9.  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
 ա) հանրապետության զորակոչային տեղամասերում ապահովել հասարակական կարգի պահպանումը և  զորակոչիկների անվտանգ փոխադրումը.
 բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և  Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
        գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երև անի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:
 10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան՝ ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
 11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
 12.  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և  կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
 13. Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարին`
 ա) 2004 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և  մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
 դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2004 թվականի հունիսի    20-ը,
 բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2004 թվականի հունիսի 1-ը.
 բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսների, ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) և  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) ընդունելությունն ավարտել 2004 թվականի հունիսի 20-ին:
        14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և  հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
 15. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: