13 Ապրիլի 2006, 487 - Ն
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
ա) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ծրագրերի իրականացման աշխատանքների կատարումն է,
բ) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է,
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների լիազորված պետական մարմիններին վերապահված այլ լիազորություններ,
դ) մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, կարող է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, հողը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Թույլատրել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)»։
4. Հաստատել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել`
ա) «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու նպատակով` 27.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր» հոդվածով),
բ) ըստ լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախահաշվի` ամսական 100.0 հազ. դրամ ծախսեր կատարելու նպատակով` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: