30 Հունիսի 2022, 1002 - Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՏՐԱՆՇ-1, ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացում չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը.
2) Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարման.
3) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված սույն կետում նշված ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
2. Նախքան Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքերի նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հունիսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,
բ. գույքերի տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» N 200-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: