Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 915 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձևավորման ու վարման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 375-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրից հանել «, փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձևավորման ու վարման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը» բառերը.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 10-րդ կետում «պոլիկլինիկայում կամ բժշկական կենտրոնում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝
«Այն անձինք, որոնք առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ չունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցում, պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը կարող են անցնել այն բժշկական կազմակերպություններում, որոնք իրականացնում են սոցիալական փաթեթի կանխարգելիչ բժշկական ծառայություններ:».
5) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը.
6) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:».
7) 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված պայմանագրի օրինակելի ձևը.
2) սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված պայմանագրի օրինակելի ձևը սահմանելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքել նոր պայմանագրեր:
4. Մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի կնքումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքված պայմանագրերը շարունակում են գործել:

հավելված

Արխիվ

2024

2023