Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 914 - Ա

«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 11-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի
1-ին մասի «գ» պարբերությունը և 2-րդ մասը, 17-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և N 1 հավելվածով հաստատված ցանկի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության՝ 5,110,296.120 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Օրբելի 41) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (13 229 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 3,290.0 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել մրցույթով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով կոմիտեից 3 անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից 1 անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից 1 անդամ։
3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը 5,023,162.620 հազ. դրամ (1.7863 հա հողամասի գնահատված մեծությունը կազմում է 3,397,310.0 հազ. դրամ, այդ թվում՝ գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 452,827.050 հազ. դրամ), իսկ վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 3,767,375.0 հազ. դրամ:
4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (հաշվետու ժամանակահատված) կազմել են 87,133.5 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 8,827.8 հազ. դրամ.
2) ստացված ընթացիկ կանխավճար՝ 1,050.5 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 29,017.1 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 17,290.5 հազ. դրամ.
5) պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 390.0 հազ. դրամ.
6) այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 7,770.0 հազ. դրամ.
7) ընթացիկ պահուստներ՝ 22,248.6 հազ. դրամ.
8) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 539.0 հազ. դրամ։
5. Ընկերության պարտավորությունները 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմում են 74,930.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտավորություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 29,735.0 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտավորություն գործընկերների գծով՝ 4,424.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 32,306.0 հազ. դրամ.
4) պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 695.0 հազ. դրամ.
5) այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 7,770.0 հազ. դրամ։
6. Ընկերության 2016-2020 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։
7. Սահմանել՝
1) որ մրցույթի մասնակցի կողմից առաջարկված գինը կարող է վճարվել 3 տարվա ընթացքում հավասարաչափ ըստ տարիների (բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցն առաջարկել է վաճառքի գինը վճարել սույն որոշման 7-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ժամկետներում՝ 1 ամսվա կամ 1 տարվա ընթացքում.
2) որ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչև առաջարկված գնի ամբողջական վճարումը գնորդի կողմից.
3) գրավադրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները.
4) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝
ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել մրցույթի ժամանակ բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված նվազագույն գնից)՝ գործակիցը՝ 0.5,
բ. ներդրումների չափ` ուղղված ընկերության զարգացմանը (3 տարիների կտրվածքով)՝ գործակիցը 0.3,
գ. վճարումների կատարման ժամկետ՝ գործակիցը 0.2։ Վերջինիս նկատմամբ կիրառել լրացուցիչ գործակիցներ՝ ամբողջ գումարի միանվագ (1 ամսվա ընթացքում) վճարման դեպքում կիրառել 1 գործակից, 1 տարվա ընթացքում՝ 0.8,
2 տարվա ընթացքում՝ 0.6, իսկ 3 տարվա ընթացքում՝ 0.4.
5) որ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է բարձր գին առաջարկած մասնակցին:
8. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել մրցույթ.
2) մրցույթի անցկացման օրվանից՝ առնվազն մեկ ամիս առաջ, մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http։//www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետի, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրվելուց հետո գնորդի կողմից առաջարկված գնի առնվազն 30 տոկոսի չափով, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 1,200.0 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում, գնորդի հետ կնքել մասնավորեցման և գրավի մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս պահպանել ընկերության փաստացի աշխատողների թիվը և աշխատավարձի չափը,
բ. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում։
9. Սահմանել, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության հանրային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։
10. Պայմանագրով սահմանված պարտավորությունները գնորդի կողմից չկատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։
11. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Գնորդի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու կամ պայմանագիր չկնքելու դեպքերում, մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
12. Սահմանել, որ գնորդի կողմից վճարված գումարի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

Արխիվ

2024

2023