17 Հունիսի 2022, 897 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ․ Ներսիսյան փողոց, փակուղի 1, շենք 109 հասցեի պոմպակայանը՝ 24․4 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02022022-01-0259), և պոմպակայանի սարքավորումները՝ 11997465․9 դրամ (ներառյալ ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 25-րդ փողոց, 17 շենք, 44 շինության պոմպակայանը՝ 11 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18082021-01-0270), և պոմպակայանի սարքավորումները՝ 4726567․52 դրամ (ներառյալ ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի, և «ՕԼԻՄՊ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ն․ Ստեփանյան փողոց 3/6 շենք, 282 շինության 15․2 քառ․ մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30042019-01-0340) պոմպակայանը և պոմպակայանի սարքավորումները՝ 10611000 դրամ արժեքով՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) երկամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը: