Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2022, 889 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման 3-րդ կետից և N 1 հավելվածի 12-րդ կետից հանել «(տաքսամետր)» բառը.
2) որոշման առաջին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա. 7-րդ կետը «համաձայն N 1 ձևի» բառերից հետո լրացնել «, իսկ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ՝ համաձայն N 4 ձևի» բառերով,
բ. 10-րդ կետում և N 1 հավելվածի N 3 ձևում «242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ» բառերը փոխարինել «342-րդ, 343-րդ, 538-րդ» բառերով, իսկ «2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին ցանկով» բառերով,
գ. 11.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.2-րդ կետ.
«11․2․Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիայի ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի՝
1) հայտ՝ համաձայն N 5 ձևի.
2) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի.
3) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.
4) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչը որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.
6) փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լուսանկարները:»,
դ. 20-րդ կետի 1-ին ենթակետում և 21-րդ կետում «Տաքսամետրը (սակաչափիչ)» բառերը փոխարինել «սակաչափիչ» բառով,
ե. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետ
«20.1. Օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
1) մինչև յոթ տարվա արտադրության.
2) սպիտակ հիմնագույնի.
3) գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
4) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
5) «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։»,
զ. 26-րդ կետի 1-ին ենթակետը «20-րդ» բառից հետո լրացնել «և 20.1-ին» բառերով, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով,
է. 26-րդ կետի 2-րդ ենթակետը «կետով» բառից հետո լրացնել «և 11.2-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով,
ը. լրացնել նոր՝ NN 4 և 5 ձևերով՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 9-ին։

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023