26 Մայիսի 2022, 739 - Ա
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-120-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ճանաչել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության հետևյալ տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.
1) հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր.
2) անասնաբուժասանիտարական փորձաքննություն.
3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող՝ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի.
4) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող՝ մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն.
5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 և ավելի տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն.
6) գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն.
7) գարեջրի արտադրություն.
8) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել վարչական գործերի հանձնումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: