19 Մայիսի 2022, 693 - Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության և 58-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2021 թվականի նոյեմբերի 24-ին հայտարարված N ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/3Ս ծածկագրով գնման ընթացակարգը 1-ին չափաբաժնի մասով չկայացած հայտարարել՝ տվյալ տեխնիկական բնութագրով գնման առարկայի գնման պահանջի գոյությունը դադարելու հիմքով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ առավելագույնը 40 000 000 (քառասուն միլիոն) դրամ ընդհանուր արժողությամբ (ութ ամսվա առավելագույն սպասարկման արժեքը, ներառյալ ԱԱՀ-ն)՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների գնման գործընթացի շրջանակներում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.
2) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի ստորագրման օրվանից սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գնման գործընթացի արդյունքում կնքված գնման պայմանագրի գործողությունը դադարում է.
3) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթը հայտարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում:
4. Սույն որոշման 2-րդ կետի պահանջները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։