Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 690 - Ա

«ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Վարչական կենտրոն թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքով` 75725766 (յոթանասունհինգ միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր վաթսունվեց) դրամ կադաստրային արժեքով հասարակական նպատակային նշանակության
04-003-0031-0005-001 կադաստրային ծածկագրով, 915.4 քառ. մետր մակերեսով պոլիկլինիկայի շենք և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 04-003-0031-0005 կադաստրային ծածկագրով, 0.0818 հեկտար հողատարածք (այսուհետ՝ անշարժ գույք)` վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Սույն որոշման 1-ին կետից բխող գործարքի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքը նպատակային նշանակությամբ` բացառապես համայնքապետարանի վարչական շենք օգտագործելու պայմանով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել «Մեծամորի համայնքապետարան» համայնքային կառավարչական հիմնարկին:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամորի համայնքապետարան» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվին և պայմանով, որ գույքն օգտագործվելու է համայնքապետարանի վարչական շենքի նշանակությանը համապատասխան։