Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 648 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 4-րդ մասով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՏՌ-60 (գործարանային համար՝ Բ10ՈՒՏ4855) զրահափոխադրիչը (այսուհետ` գույք)՝ 9.825.000 դրամ մնացորդային արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգով համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ համայնքում կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի հետ`
1) նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: