Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 675 - Ն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանել կրթական վեց մրցանակ լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր»
(I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):
2. Սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների շնորհման և հանձնման կարգը` համաձայն հավելվածի:
3. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։
4. Առաջարկել «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝
1) կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը.
2) լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը.
3) լավագույն սովորողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2022

2021