Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 668 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով՝
«5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման մեջ ներգրավված կազմակերպություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ազգային ծրագրին, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտի այլ նորմատիվ իրավական ակտերին տեղեկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակման միջոցով։
5.2. Ազգային ծրագրի համապատասխան մասերը Հայաստանի Հանրապետության օդանավակայանների շահագործում իրականացնող իրավաբանական անձանց, տեղական և օտարերկրյա օդանավ շահագործողներին, քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող ավիացիոն և այլ կազմակերպություններին, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում ներգրավված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից՝ պաշտոնական ծառայողական գրության միջոցով։ Օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմիններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին ազգային ծրագրի համապատասխան մասերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից՝ պաշտոնական գրության միջոցով և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:
5.3. Հիմք ընդունելով «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի դրույթներում պարունակվող ստանդարտներն ու առաջարկվող գործելաձևերը, դրանց մեջ կատարվող փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացված ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունքները, պարբերական հիմքով փոփոխություններ ու լրացումներ են իրականացվում նաև ազգային ծրագրում և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.5-րդ կետով՝
«6.5. Ավիացիոն անձնակազմ - անձինք, որոնք ունեն մասնագիտական պատրաստվածություն, իրականացնում են օդանավերի թռիչքների և օդային փոխադրումների կազմակերպման, ավիացիոն անվտանգության ապահովման և ուղևորների սպասարկման գործունեություն, ավիացիոն աշխատանքների կատարման, օդային տարածքի օգտագործման, օդային երթևեկության սպասարկման գործունեություն ու ներառված են ավիացիոն անձնակազմի ցանկում։».
3) 7.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.10. Բարձր ռիսկայնության բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որը հատուկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա համարվում է քաղաքացիական ավիացիայի համար վտանգ ներկայացնող, կամ որն ունի շեղումներ սահմանված նորմերից կամ կասկած հարուցող բացման հետքեր:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.11-րդ, 7.12-րդ, 7.13-րդ, 7.14-րդ և 7.15-րդ կետերով՝
«7.11. Բեռների մշակման տեղամաս - տարածք, ինչպես նաև միջոցներ ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, դրանցից են կառամատույցներ, բեռնային պահեստներ կամ պահեստներ, վերգետնյա տրանսպորտային միջոցների կայանման վայրեր և մուտքային ճանապարհներ։
7.12. Բեռնային գոտի - ամբողջ հողային տարածքը, ինչպես նաև միջոցներն ու սարքավորումները, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, ներառյալ՝ կառամատույցները, բեռնային պահեստները ու պահման վայրերը, վերգետնյա տրանսպորտային միջոցների կանգառները, ինչպես նաև դրանց հետ կապված ճանապարհները։
7.13. Բեռնային պահեստ - շինություն, որով անցնում են բեռներն օդային ու վերգետնյա փոխադրման փուլերում և որտեղ տեղակայված են բեռների մշակման միջոցները կամ որտեղ պահվում են բեռները մինչ դրանց վերգետնյա կամ օդային փոխադրումը։
7.14. Բեռների տեսակավորման վայր - վայր, որտեղ տեսակավորվում է փոխադրման ենթակա բեռը՝ այն չվերթներով բաշխելու նպատակով։
7.15. Դիվերսիա - պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը:».
5) 26.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26.12. Կարգազանց ուղևորներ - անձինք, ովքեր քաղաքացիական օդանավում, սկսած օդանավի թռիչքից առաջ դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրէջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները՝
1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակումը, վախեցնելը, սպառնալիքը, որը խախտում է սահմանված կարգը, կամ ստեղծվում է սպառնալիք՝ գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.
2) հարձակումը, վախեցնելը, սպառնալիքը կամ գործողությունը, որի պատճառով խանգարվում է օդանավի անձնակազմի կողմից իր պարտականությունների իրականացումը, կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու նրանց ունակությունը.
3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավի վնասումը, նրա սարքավորումներին և օժանդակ կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք՝ օդանավի և օդանավում գտնվող անձանց անվտանգության համար.
4) դիտավորությամբ կեղծ տեղեկատվության տարածումը՝ դրանով իսկ վտանգ ստեղծելով թռիչքի ընթացքում գտնվող օդանավի անվտանգությանը.
5) անվտանգության, կանոնավոր և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված օրինական հրահանգները կամ ցուցումները չկատարելը:».
6) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող է հանդիսանում լիազոր մարմինը, որը անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության նպատակով մշակում է ծրագրեր, պլաններ, կարգեր, կանոններ, կանոնակարգեր, ուղեցույցներ, հրահանգներ և ընթացակարգեր՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած ավիացիոն անվտանգության պահանջները, թռիչքների կանոնավորությունն ու արդյունավետությունը և ապահովում է, որ նման կարգավորումները և ընթացակարգերը՝
1) բոլոր դեպքերում ապահովեն քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից, ապահովեն օդանավերի, ուղևորների, ավիացիոն անձնակազմի և հասարակության անվտանգությունը.
2) հնարավորություն տան արագ արձագանքել ավիացիոն անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքներին.
3) ապահովեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության պատշաճ պաշտպանություն:»․
7) 29-րդ կետի «ա» ենթակետը «հրահանգիչների» բառից հետո լրացնել «, զննման օպերատորների և որակի հսկողության տեսուչների» բառերով.
8) 29-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, ըստ անհրաժեշտության գործնական և ժամանակակից հիմքերի հիման վրա սահմանում և իրականացնում է համապատասխան տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը օդանավակայանների կառավարիչների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով աջակցելու նրանց, ավիացիոն անվտանգության հետ կապված իրենց գործունեության մեջ ռիսկերի արդյունավետ գնահատման իրականացման աշխատանքներում, կատարում է քաղաքացիական ավիացիայի համակարգում ռիսկերի գնահատման միջոցառումներ իր տարածքում և օդային տարածքի վրա և ռիսկերի գնահատման արդյունքերի հիման վրա սահմանում է վտանգի մակարդակը, ելնելով ռիսկերի գնահատման արդյունքներից իրականացնում է ազգային ծրագրի համապատասխան դրույթներում լրացումների և փոփոխությունների կատարմանն ուղղված միջոցառումները և քաղաքականությունը, ինչպես նաև իր և պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից իրականացված քաղաքացիական ավիացիային սպառնացող ռիսկերի գնահատման արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին ու կազմակերպություններին, օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման բերումով, որպեսզի վերջիններս կարողանան ներդնել ավիացիոն անվտանգության ապահովման համապատասխան միջոցառումները, օգնում է օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին՝ իրենց գործունեության հետ կապված ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունավետ իրականացման գործում, ինչպես նաև օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին՝ ըստ անհրաժեշտության տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները, ինչպես նաև ազգային ծրագրի կատարմանն ուղղված կարգերը, կանոնները, պլանները, ուղեցույցները և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը.».
9) 29-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով ըստ անհրաժեշտության գաղտնի տեղեկատվության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների դիմումների դեպքերում ապահովում է համապատասխան խորհրդատվությունների անցկացումը և հաշվի առնում այլ պետության կողմից ստացված պահանջներին համարժեք այլընտրանքային միջոցառումների ընդունման հնարավորությունը, հնարավորինս բավարարում է մյուս Պայմանավորվող պետությունների դիմումները` կապված այլ պետությունների օդանավ շահագործողների օդանավերի հատուկ թռիչքի (թռիչքների) վերաբերյալ անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման հետ, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին օտարերկրյա պետություններից ստացված դիմումները, որը թույլատրվում է իրականացնել միայն բոլոր ներառված պետությունների հետ համաձայնեցումից և երկկողմանի համաձայնագրի ստորագրումից հետո.».
10) 33.1-ին կետի 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28) կիբեր վտանգներից և կողմնակի միջամտություններից օդանավակայանի տեսահսկման համակարգի և օգտագործվող համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.».
11) 33.1-ին կետի 41-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«41) օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերի քննարկման և լիազոր մարմնին ներկայացման կարգը, օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:».
12) 33.2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11) անվտանգության հսկողություն/զննում անցած ուղևորների և նման հսկողություն/զննում չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները, ինչպես նաև անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգն ու միջոցառումները.».
13) 33.4-րդ կետը «սերտիֆիկացման կարգը» բառերից առաջ լրացնել «զննող օպերատորների և հրահանգիչների» բառերով.
14) 33.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33.5. «Որակի հսկողության միջոցառումները» բաժնում նկարագրվում են օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումները, որակի հսկողության տեսուչներին ներկայացվող պահանջները, որակի հսկողության միջոցառումների պլանավորումը, դրանց իրականացման կարգը, բացահայտված թերությունների վերացման կարգը, օդանավակայանի կառավարչին հաշվետվությունների ներկայացման կարգը, օդանավակայանների կառավարիչների և օդանավ շահագործողների կողմից լիազոր մարմին տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը:».
15) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից և ազգային ծրագրի պահանջներին համապատասխանության դեպքում ներկայացնում են հաստատման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, վերանայվեն, թարմացվեն և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվեն լիազոր մարմնի հաստատմանը:».
16) 38.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«38.1. Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է՝
1) ընդհանուր դրույթները, հասկացությունները, ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.
2) մշակման իրավական հիմքերը` ազգային օրենսդրությունը, ազգային և միջազգային նորմատիվ իրավական փաստաթղթերը.
3) օդանավ շահագործողի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության հարցերով օդանավ շահագործողի պատասխանատու աշխատողը, նրա իրավունքները և պարտականությունները.
4) օդանավ շահագործողի կազմակերպական կառուցվածքը, օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայության (եթե ստեղծված է) գործառույթները, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության, իրավապահ մարմինների, զինված ուժերի, սահմանային վերահսկողություն իրականացնող և այլ պետական մարմինների գործառույթներն ու նրանց հետ համագործակցության կարգը.
5) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման միջոցառումները, ներառյալ՝ ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի հսկողության և ավիացիոն անվտանգության ծրագրի գնահատման միջոցառումները.
6) անօրինական միջամտության գործողությունների դեպքերում օդանավ շահագործողի կողմից իրականացման ենթակա պատասխան միջոցառումները:».
17) 43.1-ին կետի «գ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» բառերով.
18) 5-րդ բաժնի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

44. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`
ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների քննարկումը և առաջարկների ներկայացումը,
բ) ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ կարծիքների ներկայացումը,
գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը` ավիացիոն անվտանգությանը վերաբերող մասով:
45. Միջգերատեսչական հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
2) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման միջոցառումների ուսումնասիրությունների և նոր սպառնալիքների մասին տեղեկությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը՝ ելնելով սպառնալիքի ձևերից ու չափերից.
4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
5) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության քաղաքականության և ավիացիոն անվտանգության ապահովման մասով գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
6) նոր օդանավակայանների կառուցման և գործող օբյեկտների ընդլայնման դեպքերում նախագծերի քննարկումը և ավիացիոն անվտանգության մասով առաջարկությունների ներկայացումը.
7) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների և այլ համապատասխան հանձնաժողովների կողմից ներկայացրած առաջարկությունների քննարկումը.
8) քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկումը.
9) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
10) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման, հաստատման, կիրառման և վերանայման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը և արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման, ինչպես նաև վաղ ազդարարման նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։
Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ, և միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից:
45.1. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են հանձնաժողովի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».
19) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.1-ին և 50.2-րդ կետերով՝
«50.1. Հայաստանի Հանրապետությունն ապահովվում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վերաբերյալ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը: Լիազոր մարմինը փոխհամագործակցում է ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով այլ պետությունների պետական իշխանության մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ և իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օդային հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում՝ ներառելով դրույթներ ավիացիոն անվտանգության վերաբերյալ։
50.2. Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինն իրականացնում է համագործակցություն քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վերաբերյալ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ ավիացիոն անվտանգության ապահովման որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության ոլորտում անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստման ու փոխանակման հարցերով։».
20) 51.1-ին, 51.2-րդ և 51.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«51.1. Լիազոր մարմնի միջոցով են իրականացվում նաև որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների կիրառման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման աշխատանքները:
51.2. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը ստացել է որոշակի չվերթի, օդանավ շահագործողի կամ այլ պետության օդանավակայանի նկատմամբ անօրինական միջամտության ակտի կատարման սպառնալիքի մասին տեղեկություն, այդ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումից հետո լիազոր մարմնի կողմից անհապաղ հաղորդվում է այն պետությանը, որտեղ կարող է կատարվել քաղաքացիական ավիացիայի դեմ նախապատրաստվող անօրինական միջամտության ակտը, ինչպես նաև օդանավը շահագործողի պետությանը։
Եթե որևէ պատճառով այդ տեղեկությունը չի կարող անմիջականորեն տրամադրվել այդ պետությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել երրորդ պետության կամ ԻԿԱՕ՝ անօրինական միջամտության ակտը կանխելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկելու խնդրանքով։
51.3. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) ուղեկցումներ իրականացնելու վերաբերյալ ստացված համաձայնագիրը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդ՝ հարցի նպատակահարմարության, զենքերի տեսակների, դրանց բնութագրերի, անվտանգության զինված աշխատակիցների ուսուցման, սերտիֆիկացման, ժամանման օդանավակայաններում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում համագործակցության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բոլոր ներառված պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցումից հետո որոշում է կայացնում կնքել օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) կիրառման մասին համաձայնագիրը դիմող պետության հետ և համաձայնագրի հիման վրա դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ կատարող տվյալ պետության օդանավերում կիրառել անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) ուղեկցում: Համաձայնագիրը պետք է համապատասխանի ԻԿԱՕ «Անվտանգության ուղեցույցներ» Դոկ 8973/11 փաստաթղթով և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Կողմերից որևիցե մեկի անհամաձայնության առկայության դեպքերում՝ լիազոր մարմինը ստացված դիրքորոշումների հիման վրա մերժում է դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող պետությունների օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) կողմից ուղեկցումների իրականացումը։».
21) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ գլխով՝

«5. ԿԱՊԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ

63.1. Զանգվածային լրատվամիջոցների կողմից ավիացիոն անվտանգությանը վերաբերող տեղեկատվական հարցումների բավարարման նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ կապն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով։ Զանգվածային լրատվամիջոցների կողմից տեղեկատվական հարցումներն ուղղվում են լիազոր մարմնի տեղեկատվական ծառայության ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարի օգնականին:
63.2. Հարցումը ձևակերպվում է խմբագրական բլանկի վրա՝ պատասխանատու ղեկավարի ստորագրությամբ (գլխավոր խմբագիր, բաժնի ղեկավար), ընդ որում՝ հարցման մեջ անհրաժեշտ է նշել հիմնական թեման, հարցման առարկան, հարցման առարկայի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրի հղումը (ԶԼՄ, տեղեկատվական գործակալություններ, պետական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլն), հարցումների ցանկ, խմբագրության ու թղթակցի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
Հարցումներն ընդունվում են հետևյալ ֆաքսով՝ +(374)60434205 և gdca@gdca.am էլեկտրոնային փոստով, աշխատանքային օրվա ընթացքում (ժամը 9։00-18։00)։
Հարցումների պատասխանները լիազոր մարմնի կողմից տրամադրվում են դիմողներին՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:».
22) 64.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«64.2. Օդանավակայանների վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի աշխատանքային հրապարակները, դրանց հարակից այն տարածքներն ու շինությունները, որոնք առանձնացված են օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտուց, պարսպապատված են, գոտիներում սահմանված է մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողություն, իսկ գոտիներում գտնվող ավիացիոն օբյեկտներում իրականացվում է պահպանություն՝ պահակակետային ծառայության, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի որոշմամբ օդանավակայանների վերահսկելի գոտիներում կարող է իրականացվել նաև մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների զննում:».
23) 64.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«64.8. Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ազգային ծրագրի 64.7-րդ կետում նշված առարկաները, իրերը և նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնում կամ առգրավում են, եթե բացակայում են դրանք կրելու և պահելու օրինական հիմքերը:
Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում ուղևորների կամ նրանց ճանապարհող անձանց կողմից առանց հսկողության թողնված կամ մոռացված ձեռքի իրերը կամ ուղեբեռները (ճամպրուկները, պայուսակները, արկղերը և այլն) պետք է մշտապես գտնվեն տվյալ տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և օդանավակայանների աշխատողների և ավիացիոն անվտանգության ծառայությունների տեսահսկման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատողների հսկողության տակ: Տեսահսկման միջոցներով ուղևորների կամ նրանց ճանապարհող անձանց կողմից օդանավակայանի ընդհանուր օգտագործման տարածքներում առանց հսկողության թողնված կամ մոռացված ձեռքի իրեր կամ ուղեբեռներ հայտնաբերվելու դեպքերում՝ այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի օդանավակայանի ոստիկանության բաժնին:».
24) 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«72. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով: Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման պահանջները՝ մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացման կարգը:».
25) 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«73. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիների հսկիչ-անցագրային կետերը պետք է կահավորվեն պատշաճ լուսավորությամբ, մուտքի/ելքի փակվող դռներով, կապի միջոցներով, մուտքի/ելքի հսկման ավտոմատացված համակարգերով, անհրաժեշտ զննման սարքավորումներով, տեսահսկման սարքերով, ուղեփակոցով, մեխանիկական դարպասներով, տրանսպորտային միջոցների և բեռների զննման համար նախատեսված հրապարակներով:
Հսկիչ-անցագրային կետերը պետք է կահավորվեն նաև տվյալ հսկիչ կետի իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների հրահանգներով, արգելված առարկաների ցանկով, կիրառվող անցագրերի տեսակների օրինակներով, աշխատակիցների կորած կամ աշխատանքից ազատված անձանց չհանձնված անցագրի պատկերով ձևաթղթերով (stop-list):».
26) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«75. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում գտնվող կարևոր օբյեկտները պետք է պահպանվեն պահպանության ազդանշանային համակարգերի, պահակակետերի, պարեկային կարգախմբի և տեսահսկման սարքավորումների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ սահմանված կարգով զինված պահպանության իրականացմամբ, ինչպես նաև օբյեկտներ մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Օդանավակայանի տարածքի պահպանության նպատակով տարածքը շրջափակող պարիսպները պետք է ապահովվեն լուսավորության միջոցներով, կահավորվեն պահպանության ազդանշանային և տեսահսկման համակարգերով, իսկ պարսպի ամբողջ երկայնքով պետք է կառուցվեն ճանապարհներ։».
27) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«79. Օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի անցագրեր հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը, որը նախքան օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրեր հատկացնելը, լիազոր մարմնի միջոցով իրականացնում է ստացված հայտում նշված անձանց վերաբերյալ նախապատմության տվյալների ստուգումներ: Անձանց նախապատմության տվյալների ստուգումներ կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ: Օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի դիզայնը և բնութագրերը պետք է թարմացվեն առնվազն երկու տարին մեկ:
Անցագրի կորստի կամ գողության դեպքում անցագիրը ստացած անձը պետք է անհապաղ անցագրի կորստի մասին հայտնի իր կազմակերպության ղեկավարությանը, ինչպես նաև այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի օդանավակայանի տնօրինությանը: Անցագրի կորստի կամ գողության վերաբերյալ տեղեկության ստացումից հետո օդանավակայանի տնօրենի հանձնարարությամբ անցագրային բաժնի կողմից կազմվում են անցագրի պատկերով ձևաթղթեր (stop-list), որոնք անցագրի կորստի կամ գողության վերաբերյալ տեղեկության ստացումից հետո 12 ժամվա ընթացքում տրամադրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերին՝ նպատակ ունենալով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին տեղեկացնել այն մասին, որ նշված անցագրերն այլևս չեն գործում և ենթակա են առգրավման, իսկ տվյալ անցագրերը ներկայացնողների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ արգելվում է, և այդ անձինք ավիացիոն անվտանգության ծառայության կողմից արձանագրությամբ հանձնվում են իրավապահ մարմիններին։
Անցագրի կորստի կամ գողության մասին տեղեկության ստացումից հետո օդանավակայանի տնօրինության կողմից կատարվում է ծառայողական քննություն, որի արդյունքներով որոշում է կայացվում անձին տրամադրել նոր անցագիր կամ մերժել անցագրի տրամադրումը:».
28) 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«80. Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին հատկացվում են թռիչքային անձնակազմի անդամի վկայականներ (այսուհետ՝ թռիչքային անցագրեր): Թռիչքային անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով և պայմաններով: Թռիչքային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով, օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին՝ նախապատմության նախնական և պարբերական ստուգումների անցկացումից հետո: Նախապատմության ստուգումները պետք է կատարվեն առնվազն 2 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:».
29) 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«83. Օդանավի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ չվերթների իրականացման նպատակով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից թույլատրվում է հատուկ վերահսկելի գոտու մուտքի հսկիչ անցագրային կետում թռիչքային անցագրի ստուգումից հետո և սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման կողմից անձնագրի, թռիչքային անցագրի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի ստուգումից հետո:».
30) 85.1-ին և 85.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«85.1. Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կամ ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու ցանկացած կազմակերպության բոլոր աշխատակիցները և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագրի համար հայտ ներկայացրած կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն նախապատմության նախնական և պարբերական ստուգումներ:
Քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթից և հնարավոր սպառնալիքներից ելնելով՝ լիազոր մարմինը պետք է ապահովի, որպեսզի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունք ստանալու համար դիմած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով կիրառվեն կենսագրության և նախապատմության նախնական ստուգումներ՝ նախքան նրանց համապատասխան պաշտոնին նշանակումը կամ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ստանալը, ինչպես նաև պարբերական ստուգումներ՝ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:
Այն անձինք, որոնց պաշտոնական պարտականությունների կատարման բնույթից բխող գործառությունները ներառում են հասանելիություն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով պետք է իրականացնի այդպիսի անձանց նախապատմության նախնական խորացված ստուգումներ, որը պետք է ավարտվի մինչ աշխատողի կողմից իր պարտականությունների կատարմանն անցնելը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ստանալը։
Նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին։ Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակներից ելնելով՝ նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի մշտական թույլտվություն է ստանում կամ պետք է իրականացնի ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթներ:
Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանի ազգային ծրագրով սահմանված պահանջներին՝ անհապաղ պետք է զրկվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունքից, նրանց չպետք է տրամադրվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագիր և ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք։
Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այն անձանց, որոնք ունեն հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, այնպիսի հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեմետ նյութերի գործածման հետևանքով, տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր, հաշվառված կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերներում, ենթարկվել են քրեական հետապնդման թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Այդպիսի անձանց չի տրվում նաև ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք:
Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները պետք է պահպանեն նախապատմությունների ստուգման նպատակով ազգային ծրագրով սահմանված ընթացակարգերը, իսկ հնարավոր բացթողումների մասին անհապաղ տեղեկացնեն լիազոր մարմնին:
85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ներառյալ՝ բացասական որոշման դեպքում անձի բողոքարկման իրավունքի պահպանումը, և պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`
1) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտումը՝ նրա անձը և անձնագրային տվյալները հաստատելու համար.

Արխիվ

2022

2021