5 Մայիսի 2022, 622 - Ն
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 2» - Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի «բ» և «զ» պարբերությունների, 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2»-ի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (այսուհետ՝ վերակառուցվող հատված) վերակառուցումն ապահովելու նպատակով՝ սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով.
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագրի իրագործումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը․
2) ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առևտրի շրջանառությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային տրանսպորտային ցանցը․
3) ծրագրի արդյունավետ իրականացումը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրով (վարկ՝ 2729-ARM) նախատեսված, Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականությունների օտարման.
4) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:
2․ Հաստատել Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.
2) օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 25-ն է.
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) օտարվող սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի պահանջներին համապատասխան.
5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշման պահանջներին համապատասխան.
6) սույն որոշման հավելվածում նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում օտարման են ենթակա միայն վերակառուցվող հատվածների ազդեցության գոտում գտնվող հատվածները։
4. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: