15 Ապրիլի 2022, 511 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «պարգևատրման կարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը» բառերով.
2) որոշման նախաբանը «8-րդ մասով» բառերից հետո լրացնել «, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով.
3) որոշման ամբողջ տեքստում «հավելված» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «N 1 հավելված» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․3-րդ և 1․4-րդ կետերով.
«1.3. Հաստատել քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի։
1.4․ Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կատարողականի գնահատման կարգը` համաձայն N 3 հավելվածի:».
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի.
6) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2․ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, հարկադիր կատարողների կողմից կատարված փաստացի աշխատանքները գնահատվում են անմիջական ղեկավարի դրական կամ բացասական եզրակացությամբ՝ հիմք ընդունելով ծառայողի կողմից ներկայացված հաշվետվությունը։ Ընդ որում, դրական եզրակացությունը գնահատվում է 75-100 միավորի սահմաններոււմ, իսկ բացասականը՝ մինչև 75 միավոր։
3․ 2022 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատական է համարվում սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշված գնահատականի և սույն որոշման համապատասխան հավելվածներով սահմանված կարգով որոշված գնահատականի թվաբանական միջինը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ 2022 թվականի համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։