7 Ապրիլի 2022, 437 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022/2023 ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ,
բ. նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,
գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2022/2023 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: