10 Մարտի 2022, 312 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.
2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության 24/1, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության (այսուհետ՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ) կողմից`
ա. 2402 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը,
բ. 2204, 2205, 2206, 2207, 2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը,
գ. սույն ենթակետով սահմանված ժամկետների ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։
3. «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր է համարվում «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ստանդարտներով իրականացնելու, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի, դրոշմավորման ներդրման ժամկետների, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետների, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգի, դրոշմավորման կանոնների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետների, ինչպես նաև ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունների սահմանման լիազորությունները կվերապահվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այդ թվում՝
1) 2402 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից.
2) 2204, 2205, 2206, 2207, 2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը՝ 2023 թվականի փետրվարի 1-ից։