Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 230 - Ա

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի
1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Տիգրան Մեծի պողոտա 67 հասցեում գտնվող, 159 974 731 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 2884,6 քառ. մետր ինստիտուտի մասնաշենքը, 6 748 633 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 152 քառ. մետր օժանդակ շինությունը և 0,1585 հեկտար հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին (գրանցման համար` 222.160.945132, հասցեն՝ Երևան, Վազգեն Սարգսյանի 3)՝ իր կողմից ներկայացված ծրագրին (այսուհետ՝ ծրագիր) համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. հիմնադրամի կողմից ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին,
դ. հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնությամբ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել վերջինիս կողմից հիմնադրված տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներին:
3. Սույն որոշման առաջին կետով հիմնադրամին տրամադրված անհատույց օգտագործման տարածքի համար չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված պահանջները: